Դրական տեղաշարժ կա ՏՏ ոլորտին ԱՄՆ վիզաներ տրամադրելու հարցում
Դրական տեղաշարժ կա ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ ԱՄՆ վիզաների մուտքի արտոնությունների հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Հիշեցնենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները դեռ 2014-ին անդրադարձել էին այս խնդրին և տեղեկացրել, որ դեսպանատունն անհեթեթ պատճառաբանություններով մերժում է վիզաների տրամադրումը:
Ամիսների առաջ հրավիրված մամուլի ասուլիսին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնել էր, որ պատճառները երեքն են՝ քաղաքական, բյուրոկրատական և հյուպատոսի սուբյեկտիվ նախապատվությունը, ինչի արդյունքում ՏՏ ոլորտի մասնագետները չեն կարողանում մեկնել ԱՄՆ գործարար համաժողովների, պայմանագրերի շուրջ բանակցություններ վարելու, սեփական արտադրանքը Սիլիկոնային հովտում ներկայացնելու:
Իսկ արդեն ասյօր «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը համարվում է Հայաստանում գործող ՏՏ ամենամեծ կազմակերպությունը, ամենաշատն է առնչվել ԱՄՆ վիզա չստանալու խնդրի հետ, սակայն իրավիճակը հարթվում է:
«Վերջապես հասկացանք, որ իրական պատճառը աշխատանքային վիզա ստանալն է, ինչը ծագել է ոչ թե Հայաստանից, այլ ուրիշ երկրներից»,-ասաց նա:
Պարզվել էր, որ այլ երկրներից գործատուներն իրենց աշխատողներին գործուղել են ԱՄՆ, որտեղ մնացել աշխատել են և հարկեր չեն վճարել: