Հենրիխ Մխիթարյանը հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել. ֆոտոշարք. տեսանյութ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Գվատեմալայի հետ ընկերական հանդիպմանը:
Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։ Քանի որ սա վերջին մարզումն էր Հայաստան-Գվատեմալա հանդիպումից առաջ, այն տևեց համեմատաբար կարճ։ Դանդաղ վազքից և նախավարժանքից հետո տեղի ունեցավ երկկողմանի խաղ։
Այս օրերին «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մարզվում է նաև Բրազիլիայի հավաքականը։ Հենց այստեղ էլ Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց Դոնեցկի «Շախտյորում» իր նախկին խաղընկեր, ներկայումս «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանին։
Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում միակ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է լատինամերիկյան թիմերի դեմ, Հենրիխ Մխիթարյանն է։ 2007 թ. հունվարի 14-ին մեր ավագն իր նորամուտը նշեց Պանամայի հավաքականի հետ խաղում։ Մխիթարյանը նաև հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից մասնակցել է բոլորից շատ հանդիպումների և դարձել բոլորից շատ գոլերի հեղինակ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դատելով ՀՖՖ-ի ներկայացրած լուսանկարներից, մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վերջին մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Հուսանք, որ վնասվածքը թեթև բնույթ է կրում:
Հայաստան-Գվատեմալա հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին(Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 7-ին):