211652_close_icon
views-count3065 դիտում article-date 22:09 23-05-2016

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ կազմակերպության ներկայացուցիչներին Արցախի խնդիրների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես այս օրերին Արցախ նրանց այցելությունը՝ նշելով, որ հարմար առիթ է առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար: «Թեև պատերազմական գործողությունները տեղի են ունեցել կարճ ժամանակահատվածում և մի քանի տեղանքում, սակայն դրա թողած բացասական հետևանքները զգացվելու են երկար ժամանակ ու տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ համայն հայությունը լծվելու է այդ հետևանքների վերացման և Արցախն էլ ավելի զարգացնելու գործին: Այդ տեսանկյունից ակնկալում ենք, որ ապրիլյան առաջին օրերից ձևավորված համազգային միասնությունը շարունակվելու է, և այդ հարցում մեծ է ձեր դերակատարությունը»,- ասել է վարչապետը: Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ընդունելության և տարիներ ի վեր ձևավորված համագործակցության համար: Վ. Գրիգորյանը հայտնել է իրենց պատրաստակամությունն առաջացած հետևանքների վերացման գործում ջանք չխնայելու և ԱՄՆ-ում Արցախի հարցով լոբբիստական աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր