211652_close_icon
views-count1534 դիտում article-date 20:12 20-05-2016

Ռումինիայում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետության գործարարների տնտեսական ֆորում

Մայիսի 19-ին Ռումինիայի Յաշ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետության գործարարների տնտեսական ֆորում, որը կազկակերպվել էր Ռումինիայի Հայոց միության, Մոլդովայի հայ համայնքի և «Միքայել Նորատունկյան հաստատության» համատեղ ջանքերով: Ֆորումին բացման խոսքով հանդես եկան Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշը, Ռումինիայում և Մոլդովայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Յաշի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Պաուլ Բուտնարիուն, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Մոլդովայի հայ համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, «Միքայել Նորատունկյան հաստատության» նախագահ Ռադու Աունեանուն և Մոլդովայում ՀՀ պատվո հյուպատոս Թաթուլ Դավոյանը: Այնուհետև երկու երկրների հայ, ռումին և մոլդավ գործարարները ներկայացրեցին իրենց արտադրանքները և ծառայությունները, միմյանց շուկա մուտք գործելու հնարավորությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով ամրապնդելու Հայաստանի հետ գործարար կապերը: Այս առումով կարևորվեցին ինչպես եվրոպական ուղղությունը, այնպես էլ եվրասիական շուկայի հնարավորությունները: Ֆորումի մասնակիցները որոշեցին նման բնույթի միջոցառումները դարձնել պարբերական և հաջորդ ֆորումներին հրավիրել նաև հարևան երկրների հայ գործարարներին: Ֆորումի շրջանակներում Վարուժան Ոսկանյանը և Արթուր Ավանյանը Համագործակցության հուշագիր ստորագրեցին Ռումինիայի Հայոց միության և Մոլդովայի հայ համայնքի միջև, որի հիմնական նպատակն է անհրաժեշտ պայմաններ ստեղծել և միմյանց աջակցել հայ համայնքների զարգացման, հայապահպանության տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խրախուսման ուղղությամբ: Նույն օրը՝ առավոտյան, դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ուղեկցությամբ, հանդիպեց Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշի և Յաշի քաղաքապետ Միհայ Կիրիկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռումինիայի միջև ապակենտրոնացած մակարդակով կապերի ընդլայնման հնարավորությունները` հաշվի առնելով արդեն ձևավորված փորձը և հայ համայնքի դերը:

Նմանատիպ նյութեր