211652_close_icon
views-count2829 դիտում article-date 22:24 19-05-2016

Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանում գոնե թղթի վրա հավասար պայմաններ են տնտեսվարողների միջև: Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է հավասար պայմաններ ապահովվեն բոլոր ներկրողների համար: Հետևաբար, ստացվում ՞ է արդյոք, որ մինչ այս հավասար պայմաններ չեն եղել: Ի պատասխան ՀՀԿ խոսնակը՝ նշեց. «Գոնե թղթի վրա հավասար պայմաններ են, բայց իրականության մեջ ես մասնագետ չեմ և ես չեմ այն պաշտոնյան, որը դրա մասին պետք է խոսի»: ՀՀԿ խոսնակը նշեց, որ բարեփոխումների այս շարքը սկսվել է դեռ վաղուց՝ ապրիլյան պատերազմից առաջ, այս տարվա փետրվարի 12-ին՝ ՀՀ նախագահի ծրագրային ելույթի ժամանակ: Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ կոռուպցիան ախտ է, որ հատուկ է շատ-շատ երկրների և որ այս հարցում բոլորը պետք է օգնեն իշխանությանը: «Նաև այնպես չէ, որ այսօր արթնացան ու որոշեցին պայքարել կոռուպցիայի դեմ, այն եղել է և դրա դեմ պայքար եղել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Նա խորհուրդ տվեց չսևեռվել հարցի վրա՝ հավատու՞մ են, չեն հավատում, քանի որ հավատում են Աստծուն և սեփական ուժերին ու երկրին:

Նմանատիպ նյութեր