61809 դիտում
13:33 16-05-2016
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. մի խումբ քաղաքացիների ծեծկռտուքն ավարտվել է պայմանագրային զինծառայողի սպանությամբ
Երեկ՝ մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սուրիկ Հարությունյանը՝ «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք և կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ, Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 24-ամյա Սամվել Հովակիմյանը:
Ինչպես Վայոց ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Հովակիմյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ:
Նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում Վայքի հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում «դանակահարված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 25-ամյա Էդգար Բաբայանը, իսկ այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վայքի հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Բաբայանը:՝ «գլխի պատռվածք, նստատեղի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Է. և Ա. Բաբայանները նշյալ մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրի վրա գտնվող նախկին ավտոկայանի տարածքում վիճաբանության ժամանակ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ կռվին մասնակից են եղել Ս. Հարությունյանը, Լ. Գրիգորյանը, Ս. Հովակիմյանը: Վերջինս ստացել է նաև աջ ազդրի կտրված վերք, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 45-ամյա Հովիկ Հովակիմյանը:
Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իր հետ զրույցում եղեգնաձորցիներն ասում էին, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: