211652_close_icon
views-count2907 դիտում article-date 12:13 16-05-2016

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի սամբիստները 8 մեդալով են վերադառնում

Ս. թ. մայիսի 12-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել էր ուժեղագույն մարզիկներով: Մրցումային առաջին իսկ օրը 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը /ք. Վանաձոր/, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, եզրափակիչ պայքարում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սորոնկովին՝ արժանանալով արծաթե մեդալի: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Պետրոսյանը /ք. Սպիտակ/ նվաճեց բրոնզե, իսկ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Մխիթար Մխիթարյանը /ք. Սպիտակ/ 3-րդ տեղի համար պայքարում հաղթելով ուկրաինացի մարզիկ Բոգդան Բաբեբկոյին՝ նվաճեց բրոնզե մեդալ: Մրցումային երկրորդ օրը մեր հավաքականի համար նույնպես հաջող էր: Մեր մարզիկներից 3-ին հաջողվեց նվաճել բրոնզե մեդալներ՝ Մաքսիմ Մանուկյանը /57 կգ, ք. Գյումրի/ և Արսեն Ղազարյանը /74 կգ, ք. Վանաձոր/ լավ անցակացնելով գոտեմարտերը՝ 3-րդ տեղի համար պայքարում արժանացան բրոնզե պարգևների, իսկ 62 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Նիկոլայանը /ք. Աբովյան/ փայլուն հաղթանակ տանելով 3-րդ տեղի համար պայքարում՝ արժանացավ բրոնզե մեդալի մարտական սամբոյի մրցումներում: Մրցումային վերջին օրը մեր մարզիկներից 2-ը նույնպես հասան հաջողության: Մարտական սամբոյում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52 կգ, ք. Գյումրի/ եզրափակիչ պայքարում հաղթելով Ռուսասատանը ներկայացնող հայազգի Արտուշ Արսյանին նվաճեց ոսկե մեդալ՝ հռչակվելով 2016 թ. Եվրոպայի չեմպիոն, իսկ 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը /ք. Եղվարդ/՝ եզրափակչում զիջելով ռուս մարզիկ Ռուսլան Հասանխանովին արժանացավ արծաթե պարգևի: Այսպիսով՝ մեր հավաքականը հաղթանակած վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով 8 մեդալ, որից՝ 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե:

Նմանատիպ նյութեր