211652_close_icon
views-count7143 դիտում article-date 22:47 14-05-2016

Կայացել է Գոհար Մարկոսյան-Կասպերի «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 14-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է արձակագիր, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակին նվիրված ցերեկույթ և հեղինակի «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Պենելոպե» վեպը ռուսերեն բնագրից հայերեն թարգմանվել և հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Թարգմանիչ՝ Կարինե Խոդիկյան, հրատարակիչ՝ «Անտարես» ՍՊԸ: Շնորհանդեսին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. լրագրողների հետ զրույցի ընթացքում նա նշել է. «Գոհար Մարկոսյան-Կասպերի ստեղծագործություններն ընթերցել եմ տարիներ առաջ` բնագրով և շատ ուրախ եմ, որ «Պենելոպե» վեպը թարգմանվեց հայերեն: Գոհարը խորը փիլիսոփայական մտածողությամբ հանդերձ ստեղծել է ժամանակին խիստ համահունչ գրականություն: Վստահ եմ, որ «Պենելոպե» վեպը Կարինե Խոդիկյանի թարգմանությամբ կարժանանա հայ ընթերցողի հավանությանը, և թարգմանիչներն ու հրատարակիչները կանդրադարնան Գոհարի մյուս ստեղծագործություններին»: Միջոցառումը վարում էր «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանության հեղինակ Կարինե Խոդիկյանը: Հիշատակի խոսքով հանդես են եկել կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրող Ռուսլան Սաղաբալյանը և այլք: Գրողի քույրը՝ Հասմիկ Մարկոսյանն ու ամուսինը՝ Կալե Կասպերը, ներկայացնելով իրենց հուշերը, նաև շնորհակալություն են հայտնել «Պենելոպե» վեպի հայերեն թարգմանությունը նախաձեռնած և իրականացրած անձանց: Գոհար Մարկոսյան-Կասպերը (1949-2015 թթ.) ծնվել և մեծացել է Երևանում, օպերային երգչի և բալետի արտիստի ընտանիքում: Հետագայում ապրել է Էստոնիայում, գրել՝ ռուսերեն: Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքից, այնուհետև՝ պատմվածքներ և վեպեր: 1991 թվականին տպագրվել է նրա բանաստեղծական առաջին՝ «Իմ անավարտ Պալատը» ժողովածուն: Նույն տարում տեղափոխվելով Տալլին՝ ամուսնացել է էստոնացի հայտնի գրող, հրապարակախոս Կալե Կասպերի հետ: Գոհար Մարկոսյան-Կասպերը մասնագիտությամբ բժիշկ էր, սակայն նրա կյանքում գրականությունը առանցքային դերակատարում ունեցավ: Նա յոթ վեպի և նովելների ժողովածուի հեղինակ է: Կասպերի ստեղծագործությունները տպագրվել են Սանկտ-Պետերբուրգում և Տալլինում հրատարակվող «Զվեզդա», «Նևա», «Տալլին», «Ռադուգա» ամսագրերում, նաև թարգմանվել՝ էստոներեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն: Փարիզի հայկական թատերախումբը բեմադրել է նրա «Գերեզմանաքար» պիեսը: Ամուսնու՝ Կալե Կասպերի համահեղինակությամբ, Գոհար Մարկոսյան-Կասպերը գրել է կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի մասին գիրք, ինչպես նաև «Սեսիլի մահը» բազմասերիանոց ֆիլմի և մի շարք այլ հեռուստասերիալների սցենարներ: Հայազգի գրողը կրկնակի արժանացել է Էստոնիայի մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակի՝ «Կարիատիդները» և «Մեմենտո Մորի» վեպերի համար: «Պենելոպե» վեպի համար արժանացել է Յուրի Դոլգորուկիի անվան միջազգային գրական մրցանակի:

Նմանատիպ նյութեր