211652_close_icon
views-count1879 դիտում article-date 21:29 11-05-2016

Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը: Տարբեր գործիքներով և երաժշտագիտության մասին իրենց գիտելիքներով 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարաններ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն, պատանիները կպայքարեն բարձր գնահատականների և հաղթանակի համար: Միջոցառման հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, բոլոր մասնակիցներին շնորհավորելով երաժշտական ստուգատեսին մասնակցության համար, ընդգծել է մրցույթի կարևորությունն ու հաջողություն մաղթել. «Արդեն ավանդական դարձած այս փառատոնը, որը նաև մրցութային լարվածություն է կրում, վստահ եմ, կարևոր ստուգատես է յուրաքաչյուրիդ համար: Այս տարիների ընթացքում փառատոնն ապացուցել է, որ իսկապես ծառայում է նպատակին. այն է` ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային կյանքն ու նոր սերնդի միջոցով տարածել բարձրակարգ երաժշտությունը», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը: Մրցութային առաջին օրը լարային գործիքների մրցույթին մասնակցել է 50 սան: Կատարումները գնահատող մասնագիտական ժյուրին, ինչպես ամեն տարի, կազմվել է հեղինակավոր երաժիշտներից և երաժշտագետներից: Քաղաքապետարանի ենթակայության երաժշտական բոլոր՝ 25 դպրոցներից, մրցույթ-փառատոնի գործիքային անվանակարգին հնարավորություն ունեն մասնակցելու ոչ ավելի, քան երկու աշակերտ: Փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 23-ը: Մրցույթի արդյունքներով լավագույնը ճանաչված 10 դպրոցներն ամփոփիչ գալա-համերգում Երևանի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կլինի նաև «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգը, որում լավագույնս ներկայացած մասնակցիները հնարավորություն կունենան հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելութ ունենալ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Նմանատիպ նյութեր