211652_close_icon
views-count1201 դիտում article-date 18:40 02-02-2016

Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով

Ս. թ. փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին, Երևանի պարարվեստի պետական քոլեջի մեծ դահլիճում /հասցե՝ Բայրոնի 5/ տեղի կունենա երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողություն: Գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2015 թվականին: Նշենք, որ 2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում: 2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: 2013-2015 թթ. ծրագրի շրջանակում ձեռք բերված 271 երաժշտական գործիքները տրամադրվել են 101 երաժշտական և արվեստի դպրոցների 271 սաների:

Նմանատիպ նյութեր