211652_close_icon
views-count1966 դիտում article-date 13:31 05-05-2016

Տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական պատճառներով չընդունվեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ն տույժերից ազատելու հարցը

Կառավարությանն այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը միանգամայն անսպասելի հայտարարեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ԱԺ-ի վերջին նիստում երրորդ ընթերցմամբ տապալվեց, նշեց, թե օրենքը չէր ընդունվել տեխնիկական պատճառներով: Ուստիև, առաջարկեց հավանության արժանացնել նախագիծը: Սույն հայտարարությունը առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով այն մթնոլորտը, որն առկա էր նախագծի քվեարկությունից առաջ քննարկումներում: Նախ, 53 կողմ, 1 դեմ ձայներով չանցնելուց հետո նախքան քվեարկությունը քսան րոպե ընդմիջում վերցվեց, իսկ դրանից առաջ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հրանտ Բագրատյանը և օրինացերկրականները մի լավ քննադատեցին Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր ու նախկին ՀՀ ավիափոխադրող Միխայիլ Բաղդասարովին: Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ուզում է, գալիս է, երկիրը թալանում է, հետո ասում է` ցտեսություն ձեզ, ես գնացի: Հիշենք Միխայիլ Բաղդասարովի օդի տուրքը, որի տակ կքած էր երկիրը տարիներ շարունակ: Պեղեք, գտեք, թող գա ու կրի պատասխանատվությունը»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատեց՝ կա հայկական սովորույթ՝ ոչ թե ձերբակալել թալանչիներին, այլ նրանց առոք-փառոք ճանապարհել: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 504923.4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 303800.6 հազար դրամ` ավելացված արժեքի հարկի գծով, 35645.8 հազար դրամ` եկամտահարկի գծով, 41427.5 հազար դրամ` եկամտային հարկի գծով, 36071.6 հազար դրամ` շահութահարկի գծով, 87977.9 հազար դրամ` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

Նմանատիպ նյութեր