13992 դիտում
11:30 26-04-2016
Այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 7 քաղաքացի. 14 և 15 տարեկան պատանիները վիրահատվել են. ՀՀ ԱՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: 62-ամյա կնոջ պնդմամբ` նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և տեղափոխվել բժշկական հաստատություն: Նրա ինքնության մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից:
Առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Տուժածների բուժօգնությունը համակարգում է անմիջապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Հանրապետության գլխավոր և առաջատար մասնագետների ներգրավվածությամբ նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:
Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ:
Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո: Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ:
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 321+
321+