211652_close_icon
views-count1589 դիտում article-date 19:14 20-04-2016

Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքի և նոր եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին, շրջել նորակառույց շենքի բաժանմունքներով: Վարչապետին ներկայացվել են արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի (ՈՓԲ) և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման և արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաև բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների մատակարարման աշխատանքները: Տեղեկացվել է, որ երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչներին: Արյունաբանական կենտրոնը կունենա 88 մահճակալ և տարեկան 75 հիվանդի փոխպատվաստում իրականացնելու հնարավորություն: Կենտրոնի ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով նախատեսվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ՝ միջազգային և տեղի մասնագետների մասնակցությամբ: Կարևորելով տարածաշրջանում միջազգային չափանիշներին համապատասխան միակ կենտրոնի կառուցումը՝ վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել, որ ներդրված գումարները նպատակային են ծախսվել, իսկ շինաշխատանքները՝ որակով կատարվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր