Ապրիլի 24-ին Հունգարիայում հայկական համայնքը Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է նախատեսում
Ապրիլի 24-ին Հունգարիայի հայկական համայնքը բողոքի ակցիա է նախատեսել Թուրքիայի դեսպանատան մոտ: Միջոցառումը կմեկնարկի Բուդապեշտում տեղադրված խաչքարի մոտից, որտեղ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ կդնեն՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Դրանից հետո ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ էլ կպահանջեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը նշեց, որ Հունգարիայում թուրքերն ու ադրբեջանցիները, սովորաբար, փորձում են խանգարել հայկական համայնքին: Հատկապես վերջերս, երբ տեղի հայկական համայնքը նպատակ է դրել Հունգարիայի տարբեր քաղաքներում խաչքարեր տեղադրել: Արդեն որոշ քաղաքների համար թույլատվություն ստացել են:
Նա ընդգծեց նաև, որ Հունգարիայի հայ համայնքը չի գործում միայն ապրիլի 24-ին կամ դրան հաջորդող ու նախորդող օրերին: Հայ համայնքը աշխատում է ամբողջ տարվա ընթացքում՝ կապի մեջ լինելով տեղի զանգվածային լրատվամիջոցների, գիտական և այլ հատվածի ներկայացուցիչների հետ:
[url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1584]News Ecuador [/url]