Մենք թուրքի դեմ հերոսական պայքար ենք մղում, բա մեր «ներքի՞ն թուրքը». Ռուբեն Հախվերդյանը հորդորում է առաջնագիծ «կոնֆետ ու պեչենի» չուղարկել
Հայ ժողովուրդը թուրքի դեմ հերոսական պայքար է մղում, բայց կա նաև ներքին թուրք, որի դեմ պետք է պայքարել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Էդ առանձնատները իրենց գլխովը կպչեն, իրենք գաղափար միգուցե չունեն, որ յոթ պորտով անեծքի տակ են, ես գիտեմ, որ տենց բան կա: Եվ մենք այսօր թուրքի դեմ հերոսական պայքար ենք մղում… բա մեր ներքի՞ն թուրքը»,-ասաց նա:
Ռ. Հախվերդյանի բանաձևն է, որ փողերը, որ որոշ օլիգարխներ դրել են իրենց առանձնատների վրա, վերածեն ինքնաթիռների ու զենքի:
«Կանֆետ ու «պեչենի» մի՛ ուղարկեք էլ սահման, փոխարենը՝ «նաչնոյ վիդենիա» ուղարկեք». սա երգահանի պահանջն է:
Որոշ տեղեկություններ նա ստացել է ազատամարտիկ Վարդան Գևորգյանից ու դա, առաջին հերթին, նրա պահանջն է, ում հենց ասուլիսի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը զանգեց ու հարցրեց առաջնագծում «դուխի մասին»: Պատասխանը հնչեց, որ բոլորի «դուխն էլ տեղն» է, 2500-ից ավելի հակառակորդ են խփել այս օրերին ու 35 տանկ:
Անդրադառնալով մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի պահվածքին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ Ռուբեն Հախվերդյանը նկատեց, որ նրանք մեր «ոխերիմ բարեկամներն» են, որոնք մեկ նպատակ ունեն` որ Հայաստանը լինի առանց հայերի. «Իմ կարծիքով, իմ հոբարեն եմ էլի ասում` ռուսների լկտիությունն այնտեղ է հասել, որ նրանց հոգևոր առաջնորդը՝ Կիրիլը, հայտարարում է՝ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն ճնշել: Ա՛յ Կիրիլ ջան, գիտենք, մինիմում ԿԳԲ -ի գեներալ ես, բա էտի կաթողիկոսի ասելու՞ բան է»: