211652_close_icon
views-count7573 դիտում article-date 22:20 11-04-2016

«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրով կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները: Ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի վերնիսաժը: Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ տարածքի բարեկարգումն ու արդիականացումը մայրաքաղաքի համար սպասված ծրագիր է, որի արդյունքում Երևանի կենտրոնում կձևավորվի հանգստի գոտի, որը միաժամանակ կլինի նաև միանգամայն նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ և առևտրային տարածք: «Ավելի քան 20 տարի առաջ ինքնաբուխ ձևավորված «Վերնիսաժը» տարիների ընթացքում մասնակիորեն փոփոխվել է, սակայն այդքանով հանդերձ, այսօր այն մայրաքաղաքի կենտրոնին հարիր չէ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ծրագրերում առանձնահատուկ կարևորում է կանաչ տարածքների բարեկարգման ու վերականգնման ծրագրերը: «Վերնիսաժի» տարածքն, ըստ էության, Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջանկյալ հատվածում գտնվող, արդեն իսկ բարեկարգված խաչքարերի պուրակի շարունակությունն է, որն այսօր, ցավոք, ամենևին էլ այդպիսին չէ: Երևանի քաղաքապետարանը բազմիցս շեշտել է, որ անելու է հնարավորը՝ մայրաքաղաքի բնակիչներին վերադարձնելու երբեմնի բարեկարգ հանգստի գոտիները: Այս ծրագրի իրականացմամբ միանգամից մի քանի խնդիր է լուծվելու: Առաջին հերթին կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,-նշել է Դավիթ Օհանյանը: Հանդիպման մասնակցիներն իրենց հերթին նույնպես կարևորել են բարեկարգման ծրագիրը և ներկայացված նախագծերի վերաբերյալ արել իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե շինարարության ընթացքում Վերնիսաժը փակվելու° է, թե° ոչ, և արդյո°ք արդիականացված տարածքում կապահովվեն բոլորի համար վաճառատեղեր: Պատասխանելով հարցերին՝ քաղաքապետի տեղակալը հավաստիացրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով՝ տեղում առևտրային գործունեություն իրականացնողներին հնարավորություն ընձեռելով չընդհատել և շարունակել իրենց աշխատանքը: Իսկ իրականացվող առևտրի հետ կապված՝ Դավիթ Օհանյանը նկատել է, որ տեղի առևտուրը որոշ առումով կանոնակարգվելու է. «Վերնիսաժ այցելող յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ գտնվում է հայկական արվեստը ներկայացնող մի անկյունում, ուր հնարավոր է նաև հաճելի գնումներ կատարել: Այդ նպատակով բարկարգման և արդիականացման ծրագրից հետո Վերնիսաժում կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի և հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները: Ինչ վերաբերում է տաղավարների քանակին, ապա տեղեկացեմ, որ նախապես կատարվել են հաշվարկներ և բոլորը կունենան առանձին վաճառակետեր»,-նշել է Դավիթ Օհանյանը: Անդրադառնալով նախագծերին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ներկայացված տարբերակները վերջնական չեն և, հաշվի առնելով ինչպես առևտրային գործունեություն իրականացնողների, այնպես էլ մասնագետների և հանրային քննարկումների ընթացքում հնչած կարծիքները, կձևավորվի մեկ միասնական նախագիծ:

Նմանատիպ նյութեր