Անդրանիկ Մարգարյանի անունը կրող քաղաքական դպրոցը կսկսի գործել մայիսից. այն լինելու է անվճար ու ոչ միայն հանրապետականների համար
Մայիսին արդեն կսկսի գործել ՀՀԿ համահիմնադիր Անդրանիկ Մարգարյանի անունը կրող ՀՀԿ քաղաքական դպրոցը, որը ղեկավարելու է Արմեն Աշոտյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:
«Իրեն հարգող ցանկացած երկարաժամկետ գործող քաղաքական ուժ եվրոպական դաշտում ունի իր քաղաքական ակադեմիան կամ դպրոցը»,- Ա. Աշոտյանը և ավելացրեց. «Ինձ ժպիտ են պարգևում այն հրապարակումները, որոնք համեմատություններ են անցկացնում սովետական պոաիտշկոլաների հետ … պետք է իմանան, որ ամերիկյան երկու խոշոր կուսակցություններն ունեն իրենց սեփական քաղաքական կենտրոնները»:
Ըստ նրա` դպրոցի ստեղծման նպատակն է` շարունակական ու լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների և համակիրների կազմակերպչական, քաղաքական և ինտելեկտուալ կարողությունները` «մարդու համար սեփական գիտելիքների հարստացման տեսակետից, բայց ոչ որպես անցաթուղթ դեպի մեծ քաղաքականություն»:
Դռները բաց են լինելու ոչ միայն հանրապետականների, այլ նաև անկուսակցականների համար: Ըստ որում` դպրոցը գործելու է անվճար: Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես ՀՀԿ-ականներ, որոնք տիրապետում են կուսակցության համապատասխան թեմաներին և ոլորտներին, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ,
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին, օրինակ, Արմեն Աշոտյանն անձամբ կհրավիրի, որպեսզի դասախոսություններ կարդա դպրոցում:
«Կլինի անալիտիկ կենտրոն, որը կաշխատի տարբեր ուղղություններով, աշխատելու ենք միջազգային կառույցների հետ և այս պահին ունենք համագործակցության առնվազն երեք ուղղություն: Առաջին հերթին, համագործակցելու ենք գերմանական Քրիստոնեադեմոկրտական միության կողմից ստեղծված դպրոցի հետ, որտեղ տարիներ շարունակ ձևավորված ավանդույթներ կան, ինչը մենք օգտագործելու ենք: Մյուս առաջարկությունը ստացել ենք Ավստրիական ժողովրդական կուսակցության ակադեմիայի կողմից, ինչպես նաև՝ կան ավանդույթներ հետխորհրդային երկրներում, և մենք համագործակցելու ենք «Միասնական Ռուսաստան» կուսակցության համապատասխան քաղաքական դպրոցի հետ»,-հավելեց Սրմեն Աշոտյանը։