211652_close_icon
views-count1247 դիտում article-date 18:49 24-03-2016

ՀՀ արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում և նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու և բարձրացնելու, ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ և իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է: Էդվարդ Նալբանդյանը և Արգո Ավակովը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:

Նմանատիպ նյութեր