211652_close_icon
views-count3040 դիտում article-date 20:52 21-03-2016

Պոեզիայի միջազգային օրը Երևանը նշեց տարբեր միջոցառումներով

Պոեզիայի միջազգային օրը Երևանում նշվել է տարբեր միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծերի հուշարձանների մոտ անվանակիր դպրոցների աշակերտները բացօթյա ընթերցումներ են կազմակերպել: «Յուրաքանչյուր այսպիսի օր մենք փորձում ենք դարձնել հիշարժան առաջին հերթին հենց դպրոցականների համար, որոնք այսօր կրթվում և դաստիարակվում են գրականությամբ և հատկապես չափածո ստեղծագործություններով: Այս միջոցառումներով մենք մեր խոնարհումն ենք բերում հայ պոետներին և պոեզիային: Միջոցառումներ են տեղի ունեցել առհասարակ հանրակրթական բոլոր դպրոցներում»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Միջոցառումներին ներկա են գտնվել ու աշակերտներին միացել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև այլ գրողներ, գրականագետներ ու պարզապես պոեզիայի սիրահարներ: Մի խումբ դպրոցականներ էլ հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և հաճելի անակնկալ մատուցել աշխատակազմին՝ նվիրելով իրենց կողմից պատրաստված ստեղծագործությունների թերթոններ, նաև ասմունքել ու հանդես եկել երաժշտական կատարումներով: Աշակերտները հանդիպել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ և զրուցել հայ ու համաշխարհային գրականությունից, պոեզիայից: Պոեզիայի օրը նշվել է նաև մայրաքաղաքի մշակութային հաստատություններում՝ գրադարաններում և մշակութային կենտրոններում: «Հայ Արտ» մշակութային կենտրոնում էլ կազմակերպված ցերեկույթին ներկաները վայելել են Ջիվանու պոեզիայի ընթերցումներ՝ երաժշտական կատարումներով:

Նմանատիպ նյութեր