211652_close_icon
views-count5200 դիտում article-date 21:25 16-03-2016

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը ընդգրկվել են Եվրոպա Նոստրա­յի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում

Այսօր` մարտի 16-ին, Վենետիկում Ատանեո Վենետոյում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Եվրոպա Նոստրա կազմակերպությունը և «Եվրոպական ներդրումային բանկ ինտիտուտը» (EIBI) հայտարարեցին, որ Եվրոպա Նոստրա­յի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկվել է Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը (Հայաստան): Հայաստանը «Եվրոպա Նոստրա» կազմա­կեր­պությանն անդամակցում է 2012 թվականից: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է, որն հիմնադրվել է 1963 թվականին և ներկայում ունի 42 անդամ-երկիր: Կազմակերպության հիմնական նպատակն է քաղա­քացիական հասարակության միջոցով պահպանել և խթանել Եվրոպայի մշա­կու­թային և բնական ժառանգությունը: Այն իր գործունեությունը ծավալում է «7 առավել վտանգվածներ» ծրագրի և 5 մրցանակների («Պահպանություն», «Հե­տա­զոտություն և թվայնացում», «Անհատ­նե­րի կամ կազմակերպությունների նվիրված աշխատանք», «Կրթու­թյուն, վերա­պատրաստում և հանրահռչակում», «Հանրության ընտրություն» անվանակարգեր) միջոցով: «7 առավել վտանգվածների» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին «Եվրոպա Նոստրայի» կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի հետ համատեղ և կոչված է հա­մակարգելու հուշարձանների պահպանումն ու դրանց հետագա օգտագործումը՝ բացահայտելով ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուր­ների տարբե­րակներ: Ծրա­գրին, որպես Եվրոպա Նոստրայի «Ժառան­գու­թյան ինտե­գրում» ցանցային նախա­գծի մի մասի, աջակցում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը: «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկն ընտրվում է Եվրոպա Նոս­տրայի խոր­հրդի կողմից 14 առավել վտանգված հուշարձանների ցանկից, որն իր հերթին ձևավորվում և ընտրվում է պատմաբանների, հնագետների, ճարտա­րա­պետ­ների, նախագծողների և ֆինանսական վերլու­ծաբանների կողմից: «Եվրոպա Նոստրայի» մրցանակաբաշխությանը մինչ օրս Հայաստանից ներկայացվել են. ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը (2013 թվականին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտը (2014 և 2016 թվականներին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը հայտը (2016 թվականին ընդգրկվել է «7 առավել վտանգվածների» ցանկում): Հիշյալ ցանկի մեջ 2013 թ. ընդ­գրկվել էր նաև Թուր­քիայի Մարդինի (Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մար­դինի վի­լայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին (5-րդ դար), որը մրցանա­կա­բաշ­խության էր ներկայացվել Հայկական կաթոլիկ եկեղե­ցական հա­մայնքի հիմնա­դրամի աջակցությամբ: 2013 թ. «Ժա­ռանգության բնա­գավառում օրինակելի ներդրում ունենալու հա­մար» «Եվրոպա Նոստրայի» պատվոգրով պարգևա­տրել է «Հայկա­կան ճարտարապետությունն ուսումնասիրող կազմա­կերպությանը (ՀՃՈւԿ-RAA): 2015 թվականին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում «Եվրոպա Նոստրայի» մրցանակին է արժանացել ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների համագործակցությամբ իրականացված «Մշակութային ժառանգու­թյան պահպանումը Հայաստանում» ծրագիրը (2015 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնա­նկարների դահլիճում կայացավ վերոնշյալ մրցանակների հանձնման արա­րո­ղու­թյունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, «Եվրոպա Նոստրա» մշա­կութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը), իսկ «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցա­նակի է արժանացել Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին: Նույն 2015 թ. «Հանրության ընտրություն» անվանակարգում 2-րդ և 3-րդ պատվավոր տե­ղերն՝ համապատասխանաբար կիսեցին Դիարբեքիրի Սբ Կի­րակոս և Նի­կոզիայի հայկական եկեղեցիները:

Նմանատիպ նյութեր