211652_close_icon
views-count1361 դիտում article-date 17:46 14-03-2016

Ավարտվել է քրեակատարողական վարչության ծառայողի կողմից ծանր հանցագործություն կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայող Ռոբերտ Մովսիսյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Մասնավորապես՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի աշխատակից Ռոբերտ Մովսիսյանը տեղեկացել է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2008 թվականի սեպտեմբերի 17-ից դատարանի դատավճռով 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և 2010 թվականին արդեն նշանակված պատիժը կրող դատապարտյալ Նիկոլայ Թորոսյանի ծնողները ցանկանում են օրինական ճանապարհով հասնել իրենց որդու` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծմանը: Ռոբերտ Մովսիսյանը փաստաբանների միջոցով դատական կարգով այդ հարցը լուծելու պատրվակով, Ն. Թորոսյանի ծնողների` Վարդան և Մարինե Թորոսյանների վստահությունը չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2010 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, վերջիններիցս խաբեությամբ մաս-մաս ստացել է, իբր, դատապարտյալի ազատման հարցի լուծման համար անհրաժեշտ` 9 մլն. 492 հազ. 565 ՀՀ դրամին համարժեք 26 հազ. 500 ԱՄՆ դոլար գումարը: Ռոբերտ Մովսիսյանը Նիկոլայ Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով որևէ գործողություն չի ձեռնարկել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 26 հազ. 500 ԱՄՆ դոլար գումարը: Ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու հանցավոր արարքի համար Ռ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր