1492 դիտում
21:53 11-03-2016
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունել է համագործակցության հուշագրի ստորագրումը
«Այսօր շատ հիշարժան օր է։ Սերնդափոխության այն շրջանն ենք մուտք գործում, երբ փորձը և եռանդը միմյանց հետ պատասխանատվություն են ստանձնում մեր ապագա առողջապահության համար։ Ես խիստ կարևորում եմ այս փաստը և հույս ունեմ, որ ստորագրվող հուշագիրը չի լինի զուտ խորհրդանշական, այլ կդառնա գործնական և խիստ կիրառական»,-ողջունելով «Առողջապահական կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը` ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նա ընդգծեց, որ այսօր` առավել, քան երբևէ, իրականացվող ծրագրերի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու անհրաժեշտություն կա։ Քանզի դրանք անհնար է իրագործել առանց հանրության լրջագույն սատարման։ Նա նշեց, որ երիտասարդությունն իր աշխարհայացքով, իր պատրաստակամությամբ իր հեռանկարներով կարող է համալրել ավագ սերնդի փորձն ու արհեստավարժությունը` առողջապահական բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում։
«Առողջապահական կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի նախագահության հերթական նիստում, որ ընթանում էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հետ համատեղ, «Առողջապահական կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հակիրճ ներկայացրեց կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքները, անդրադարձավ բազմանդամ միավորման առաջիկա ծրագրերին։
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը շեշտեց, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սոցիալական, առողջապահական ոլորտներում, իսկ այժմ երիտասարդությունը գործունեությունն ընդլայնում է մասնագիտական դաշտում։ Եվ պատահական չէ, որ առաջինը համագործակցում են առողջապահական հասարակական կառույցի հետ։
«Առողջապահական կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ մարդկանց առողջության պահպանման խնդիրը միայն առողջապահական չէ։
«Վերջերս քննարկումների առարկա էր Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը, և մեզ համար հաստատեցինք, որ խնդիրը ոչ այնքան առողջապահական է, թեև առողջապահությունն իր կարևոր դերակատարությունն ունի։ Մենք երիտասարդների հետ միասին պետք է կարողանանք տեսնել այն ապագան, ստեղծենք այն դաշտն ու մթնոլորտը, որտեղ երիտասարդները կունենան իրենց կյանքն ու աշխատանքը, անվտանգությունը։ Կիմանան, որ Հայաստանը իրենց իրավունքների պաշտպանն է»,-ասաց Արա Բաբլոյանը` նշելով, որ այդ գաղափարները պետք է լինեն առաջիկա համագործակցության հիմքում։
Հուշագիրը ստորագրեցին ՀԿ համանախագահներ Արա Մինասյանը, Դերենիկ Դումանյանը, Արա Բաբլոյանը, գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։
«Բազմաթիվ խնդիրներ կան ծառացած մեր առջև։ Հույս եմ հայտնում, որ այս երկու կազմակերպության միջև կնքված դաշինքը խիստ արդյունավետ կլինի»,-ասաց նախարար Արմեն Մուրադյանը` համոզմունք հայտնելով, որ մատնանշված ծրագրերը մոտ ապագայում կյանքի են կոչվելու` նպաստելով մեր ժողովրդի առողջության բարելավման գործին։
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
11:30 06-10-2014
Արցախի նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանսի և Շուշիի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը
2548 դիտում
10:20 09-05-2014
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հարուստների շարքում. Ժողովուրդ