ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ. անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները ժամանակին սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Ուսումնական պարապմունքի նպատակն էր ստուգել զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:
Ողջունելով անձնակազմին ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կարևորել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման շարունակականությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար: