211652_close_icon
views-count832 դիտում article-date 18:55 03-03-2016

Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստ

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2015թ. փաստաթղթերի գնահատման նպատակով 2016թ. փետրվարի 29-ից մարտի 3-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պատվիրակությունը: Այցի շրջանակներում` մարտի 2-ին, տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2015թ. գնահատման նախնական արդյունքները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր է, և ՆԱՏՕ-ի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանին` Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցության համար: Երկուստեք նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին: Տեղեկանք: Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության», Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում:

Նմանատիպ նյութեր