Դավթաշենի 5-րդ փողոցի բնակիչները տարուց ավելի է ահը սրտներում են երեխաներին դպրոց ճանապարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դավթաշենի 5-րդ փողոցի բնակիչները տարուց ավելի է ահը սրտներում են երեխաներին դպրոց ճանապարհում ու նրանց վերադարձին սպասում:
Փողոցում էլ խաղալու համար հատուկ տարածք է առանձնացված, մեծերից մեկն էլ պարտադիր վերահսկում է, որ արգելված տարածքին` էլեկտրական սյուներին չմոտենան: Հիմքից թուլացած ու կիսաթեքված սյուները բնակիչների մտահոգության ու անհանգստության պատճառ է դարձել: Ասում են, մինչեւ վերջերս սյուններից մեկը հարեւանությամբ գտնվող ծառին էին կապել, բայց ծառը չի դիմացել, արմատից պոկվել է: Էլեկտրական սյունն էլ գազի խողովակին է հենվել:
Կիսաթեք ու փլուզման եզրին գտնվող սյուների մասին բնակիչները մեկ անգամ չէ, որ էլեկտրական ցանցերին տեղեկացրել են: Ասում են, պետք չէ մասնագետ լինել վտանգը հասկանալու համար: Բարեբախտաբար, էլեկտրական սյուներն այս փողոցում դժբախտության պատճառ չդարձան: Բնակիչներն այսօրվանից հանգիստ շունչ են քաշում: Նրանց ահազանգից հետո խնդրի մասին տեղեկացվել է նաեւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ում կարգադրությամբ այսօր օպերատիվորեն ժամանել են վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները` էլեկտրական ցանցի ներկայացուցիչների հետ միասին հատուկ վերամբարձ կռունկի միջոցով սյուներն ուղղել են և ամրացրել:
Բայց սա ժամանակավոր լուծում է, երկաթե սյուներն առաջիկայում կփոխարինվեն բետոնե սյուներով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի