211652_close_icon
views-count7252 դիտում article-date 16:28 29-02-2016

Մարտի 1-ից կմեկնարկեն ծառերի գարնանային էտի աշխատանքները. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ կապված ծառերի գարնանային էտի աշխատանքների հետ. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության վերահսկողությամբ մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկելու են ծառերի գարնանային էտի աշխատանքները: Վստահեցնում ենք, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, և ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան: Հիշեցնենք, որ ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: Նշենք նաև, որ խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի: Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում թե՛ բնակիչները, թե՛ լրագրողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»:

Նմանատիպ նյութեր