22497 դիտում
23:56 15-02-2016
Արտակարգ դեպք Երևանում. ավտոտնակում պայթյունի ձայնից հետո կայանված Mercedes-ում հրդեհ է բռնկվել. 28-ամյա վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 18 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո ավտոտնակում կայանված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և, ըստ ահազանգողի, կա նաև տուժած քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ՏԿԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը` փրկարար ծառայության փոխգնդապետ Յուրա Ենոքյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նշված շենքի թիվ 161 ավտոտնակում կայանված Mercedes E320 մակնիշի 30 ՏՕ 023 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:
Փրկարարները հրդեհը մեկուսացնելուց և մարելուց հետո պարզել են, որ ամբողջությամբ այրվել է բեռնախցիկը, իսկ վարորդը` 28-ամյա Կիմ Բախշյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Բախշյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի