Այսօր հայ մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրն է
Այսօր լրանում է հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131 ամյակը: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հանճարի ձեռագրերից:
[img]/ups/images/0900946001455002578863665.jpg[/img]
Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա:
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա:
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար:
Սիրտըս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ.
Դահճիս կանգնած տեսա,
Ասի - արևըս ա'ռ...
[img]/ups/images/0820222001455002592324521.jpg[/img]
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ Շամիրամ.
Որպես արքան այն մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ Շամիրամ: