211652_close_icon
views-count2125 դիտում article-date 18:41 30-01-2016

Պարգևատրվել են լավագույն ուսանող մարզիկները

Հունվարի 30-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել 2015 թվականին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկների խրախուսման արարողությունը։ Ծաղկաձորում էին հավաքվել միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 16-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 125 երիտասարդ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծել է, որ հիմնադրամը ցանկություն ունի, որպեսզի երիտասարդների շրջանում մարզական շարժում ստեղծվի, ավելի շատ ուսանողներ և բուհեր մասնակցեն սպորտային խաղերին։ ՙՎերջին մի քանի տարիներին ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան լավագույնս է հանդես գալիս ՝ միջազգային ասպարեզում ներկայացնելով հայ ուսանող մարզիկներին։ Մեր ցանկությունն է, որ սպորտը, ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպն իրենց ուրույն տեղն ունենան մեր երիտասարդության կյանքում։ Նրանք պետք է մշտապես ցուցաբերեն սպորտային ակտիվություն, մասնակցեն մարզական միջոցառումների։ Այս տարի Հայաստանի ուսանողական մարզական խաղերին մասնակցել է մոտ 2000 ուսանող՝ 10 մարզաձևից։ Եվ մենք փորձելու ենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ թիվը մեծանա՚,- նշել է Կարեն Ավագյանը։ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ամփոփելով 2015թ. ուսանող-մարզիկների ձեռքբերումները, նշել է, որ Հարավային Կորեայում մասնակցել են համաշխարհային ուսանողական մարզական խաղերին՝ ձեռք բերելով ոսկե մեդալ. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին: Արթուր Թովմասյանն ընդգրկվել է նաև 2015թ. ՀՀ լավագույն մարզիկների տասնյակում։ 2015-ին Հայաստանը հյուրընկալել է Եվրոպայի համալսարանական շախմատի առաջնությունը, որտեղ նույնպես ունեցել ենք բարձր ցուցանիշներ։ Համաշխարհային և եվրոպական ունիվերսիադաներին Հայաստանը պատշաճ կերպով հանդես է գալիս պետական աջակցության շնորհիվ։ Խոսելով 2016թ. ծրագրերի մասին, Հովհաննես Գաբրիելյանը նկատել է, որ պատրաստվում են մասնակցել Խորվաթիայում կայանալիք Եվրոպական համալսարանական մարզական խաղերին։ Բացի այդ, կայանալու1 են համաշխարհային համալսարանական առաջնություններ, և Հ. Գաբրիելյանը հույս է հայտնել, որ Հայաստանը մի քանի մարզաձևից կմասնակցի այդ միջոցառումներին։ Պարգևատրված մարզիկների թվում էր շախմատիստ, մինչև 18 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանը։ Նա նշում է, որ շախմատով զբաղվում է 13 տարի, և հաճելի է նման խրախուսանքների արժանանալը։ Դրանք ավելի ոգևորող ու պարտավորեցնող են։ Ծաղկաձորյան հավաքի ընթացքում ուսանող մարզիկներին ներկայացվել է Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի և Համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպվող համաշխարհային և մայրցամաքային մրցաշարերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ Հայաստանում իրականացվող մարզական ծրագրերը: Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ի դեպ, միջոցառման ընթացքում պարգևատրվել է նաև ՀԵՀ-ը՝ ուսանողական սպորտին մշտապես աջակցելու համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր