17800 դիտում
20:10 03-01-2016
Երևանի փոխքաղաքապետը հետևել է մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների ընթացքին հետևել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով մոբիլիզացվել է մասնագիտացված բազմաֆունկցիոնալ ամբողջ տեխնիկական կազմը: Գլխավոր ու երկրորդական փողոցներում կուտակված ձյունը քաղաքից դուրս տեղափոխելու նպատակով աշխատանքներում ներգրավվել են նաև ամբարձիչներ:
Կամո Արեյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրը գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի պահելն է: Ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում կշարունակվեն նաև հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, զուգահեռաբար շարունակելով մաքրել նաև մայթերն ու բակային տարածքները: Վերջինի մասով լայնածավալ աշխատանքները հիմնականում կիրականացվեն համատիրությունների կողմից:
Ինչպես և նախորդ օրերին, բոլոր աշխատանքները տեղերում կհամակարգեն վարչական շրջանների ղեկավարները:
Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև ծառերի ճյուղերն առատ ձնից բեռնաթափելու աշխատանքներ: Վարչական շրջաններում արդեն ընթանում են շքամուտքերի աստիճանների, վերգետնյա և ստորգետնյա անցումների ու միջբակային հատվածներում առկա աստիճանահարթակների մաքրման և աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, տեղեկացնում են քաղաքապետարանից։
Համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռքբերված պայմանավորվածության, շինարարական և մասնավոր որոշ կազմակերպություններ ևս տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների կազմակերպման հարցում: Հատկապես շոշափելի աջակցություն է ցուցաբերվում ամբարձիչների տրամադրման տեսքով, որոնց քանակը «Սանիտեք» ընկերությունում բավարար չէր՝ նման ծավալի տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար:
Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ առաջիկա ողջ գիշերվա ընթացքում կիրականացվի նաև ճանապարհների աղ ու ավազով մշակման աշխատանքներ՝ փողոցների անցանելիությունը լիարժեք ապահովելու նպատակով: Օգտվելով առիթից՝ Կամո Արեյանը մեկ անգամ ևս հորդոր է հնչեցրել՝ ուղղված վարորդներին, որ երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով`անվտանգ երթևեկելու և խցանումները բացառելու համար: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ձնից մաքրվեն բոլոր փողոցներն ու մայթերը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3132 դիտում
12:51 04-01-2016
Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների ընթացքին
2530 դիտում
10:43 06-01-2016
Մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները