211652_close_icon
views-count1361 դիտում article-date 16:47 16-01-2017

Մայրաքաղաքում ուժեղացված աշխատակարգով կշարունակվեն մայթերի և բակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով, ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համագործակցված շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները: «Վերջին շաբաթվա ընթացքում նկատելի է, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացել են և դրանք պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում այլևս չմնան սառցապատ տարածքներ: Վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա հսկողության տակ պահեն համատիրությունների և համապատասխան ծառայությունների աշխատանքները, նաև արագ արձագանքեն մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Հանձնարարվել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Նմանատիպ նյութեր