211652_close_icon
views-count3698 դիտում article-date 21:12 28-12-2015

Վարչապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու և այլ ուղղություններով: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը: Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը: Վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարարին վերջնական տեսքի բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, սահմանված կարգով շրջանառել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ՀՀ արդարադատության նախարարին՝ շարունակել համագործակցությունը հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու և նույն ծրագրի կրկնակի ֆինանսավորումը բացառելու նպատակով բոլոր հակակոռուպցիոն ծրագրերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

Նմանատիպ նյութեր