211652_close_icon
views-count1310 դիտում article-date 15:22 21-12-2015

Mosfilm Non Stop և Hollywood Non Stop. հնչեցին սիրված ֆիլմերի մեղեդիները

Դեկտեմբերի 19-ին բեմ է բարձրացել Mosfilm Non Stop համերգային ծրագիրը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին է ներկայացրել «Մոսֆիլմի» արտադրության սիրված ֆիլմերի սաունդթրեքները: Ավագ և երիտասարդ սերնդի հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճն ունկնդրել է «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ճակատագրի հեգնանքը», «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենթլմենները», «Միմինո», «Գարնան 17 ակնթարթ» և այլ ֆիլմերի մեղեդիները: Համերգն ուղեկցվում էր նաև ֆիլմերի կադրերի ցուցադրմամբ և կինոնկարների հերոսների թևավոր արտահայտություններով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Non Stop ծրագիրը նպատակ ունի այս ձևաչափով ցույց տալ, որ դասական երաժշտությունը բարդ չէ, և մարդիկ հեշտությամբ կարող են ընկալել այն։ «Այս համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները խոսում են այն մասին, որ գաղափարը ճիշտ է, և նվագախումբը շատ լավ գործ է անում,- նշել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգային ծրագրի ընտրությունը կատարելիս շեշտը դրել են ամենասիրված ֆիլմերի և մեղեդիների վրա՝ նաև ներկայացնելով այդ մեղեդիների սիմֆոնիզմը։- «Mosfilm Non-Stop»-ում ընդգրկել ենք այնպիսի կոմպոզիտորների, որոնք դասական են համարվում՝ Գիա Կանչելի, ում գործերը հնչում են աշխարհի լավագույն նվագախմբերի կատարմամբ, ով գրել է մեր ամենասիրելի ֆիլմերից մեկի՝ «Միմինոյի» երաժշտությունը, հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիև, ով խորհրդային շատ ֆիլմերի երաժշտությունների հեղինակն է և այլք»։ Երգիչներ Գայանե Հովհաննիսյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Կիմ Սարգսյանը երեկոյի ընթացքում կատարել են ֆիլմերի շնորհիվ սիրված ու հանրածանոթ դարձած երգեր։ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը համերգի ընթացքում ներկայացրել է «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմում հնչող երգը, որը հեղինակել է Միքայել Թարիվերդիևը։ Երգիչը նկատում է, որ հայ կոմպոզիտորի այս երգն առանձնանում է ինքնատիպ մեղեդայնությամբ։ Նա նաև ասում է, որ իր համար տպավորիչ են խորհրդային կինոնկարները՝ սկսած «Կովկասի գերուհին» ֆիլմից մինչև «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»։ Իսկ դեկտեմբերի 20-ին Երիտասարդական նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու անգամ ներկայացրել է հանդիսատեսի կողմից շատ սիրված Hollywood Non Stop համերգային ծրագիրը։ Ամերիկյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները ներկայացվել են նոր տեսաշարով, նոր լուսային ու ձայնային էֆեկտներով, ծրագրում ընդգրկվել են նոր մեղեդիներ։ Մասնավորապես, կատարվել են «Բախելով երկնքի դռները», «Ռոմեո և Ջուլիետ», «Գլադիատոր», «Շինդլերի ցուցակը», «Մի անգամ Ամերիկայում», «Կնքահայրը» և հոլիվուդյան այլ ֆիլմերի մեղեդիներ։

Նմանատիպ նյութեր