1223 դիտում
14:13 17-12-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը:
Ըստ օրենսդրի ղեկավարի՝ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարթությունում եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:
Խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության որոշ անդամների ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ծավալած հակահայկական գործունեության վերաբերյալ: Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Այդ պատգամավորները, պաշտպանելով ադրբեջանական կողմի առաջադրած հակահայկական բանաձեւերը, նպաստում են Ադրբեջանի շարունակական քայլերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու հարցում, ինչը վնասում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունները, սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Պարոն Սահակյանի խոսքով՝ միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանն այդ հարցում մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նախարարը բարձր է գնահատել հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցությունը եւ նշել, որ դեռեւս չօգտագործված ներուժ կա տնտեսական համագործակցության ոլորտում: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում: «Խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է»,-ասել է նա:
Խոսելով ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության անդամների հակահայկական մոտեցումից՝ Փանոս Կամենոսը վստահեցրել է, որ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցի Հունաստանի իշխանություններին: Նա նշել է, որ Թուրքիան հսկայական նավթադոլարներ է ներդնում հասարակական կարծիք ձեւավորելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նմանատիպ նյութեր
2448 դիտում
16:21 09-03-2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
1202 դիտում
17:44 30-09-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
689 դիտում
14:59 25-04-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
Այս բաժնից
787 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
880 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան