211652_close_icon
views-count63679 դիտում article-date 11:16 17-12-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են մարդատար ավտոբուսը, Mitsubishi-ն ու Mercedes-ը. ավտոբուսն էլ փլուզել է տան պատը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչան գյուղի բնակիչ, 61-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած Mitsubishi Chariot մակնիշի 31 ՕՍ 314 համարանիշի, Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 46-ամյա Սահակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 MA 822 համարանիշի ավտոմեքենաները և 30 97 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել Mitsubishi-ին, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է բնակելի տան և խանութի պատին, փլուզել այն և մասամբ հայտնվել խանութի տարածքում՝ վնասելով նաև բետոնե հատվածը: Վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ մարդատար ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, իսկ ավտոբուսի վարորդին հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մեքենայից դուրս են բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվ են գործել և Արտաշատի բժիշկները, և փրկարարները, և ճանապարհային ոստիկանները: Առաջին իսկ պահից դեպքի վայրում է եղել և փրկարարական աշխատանքները ղեկավարել է Մասիսի գյուղապետ Սողոմոն Քոչարյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վահան Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արթուր Սուլթանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Քաղցրաշեն-Երևան-Արտաշատ երթուղին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոբուսի վարորդի և մնացած վիավորների ինքնությունը: Տեղում աշխատել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր