6911 դիտում
09:52 06-12-2015
Մայրաքաղաքում բացվել է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը. ֆոտոռեպորտաժ
Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքին Հանրապետության Նախագահը մասնակցել է դեռևս 2014թ. հունիսին:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան և գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան:
Նորակառույց մարզական օջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Տարոն Մարգարյանին, Սերգեյ Համբարձումյանին և Իրինա Ռոդնինային:
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի հետ միասին շրջայց է կատարել գեղասահքի դպրոցում, ծանոթացել պայմաններին:
Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ, նաև երկար սպասված այս կառույցը կնպաստի հազարավոր երեխաների ինքնաարտահայտմանն ու կոփմանը, պատանիների ներկայանալի կերպին, մարզական կեցվածքին ու նաև հայ մարզիկների առաջիկա նվաճումներին:
«Երևանը, անշուշտ, հարուստ է տեսարժան վայրերով: Այս համալիրն իր հերթին երևանյան մարզական, ինչու չէ, նաև մշակութային մթնոլորտում թարմ օդ է ու նոր երանգ, որը հնարավորություն է ընձեռում տեսնել գեղեցիկը և լիարժեք վայելել այն: Հպարտությամբ պիտի փաստեմ, որ սա հայ-ռուսական ամուր բարեկամության ու համագործակցության հերթական հրաշալի դրսևորումն է, ինչի համար նախ և առաջ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս կառույցի կյանքի կոչման հարցում ունեցած անմիջական մասնակցության ու հետևողականության համար: Բոլոր երևանցիների անունից շնորհակալ եմ նաև անվանի բարերար, «ՄոնԱրխ» ընկերության նախագահ Սերգեյ Համբարձումյանին՝ իսկապես հայրենանվեր այս գործի համար:
Շնորհակալ եմ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամին և, իհարկե, օլիմպիական եռակի չեմպիոն, հասարակական և պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, Մոսկվայի մարզի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Իրինա Ռոդնինային:
Շնորհակալություն նաև նախագծողներին, շինարարներին, ոլորտի մասնագետներին ու, ընդհանրապես, բոլոր նրանց, ովքեր մաս կազմեցին այս հրաշալի նախաձեռնությանը: Մեր ժողովրդի համար գեղասահքը սիրված մարզաձև է, իսկ մարզաձևի օլիմպիական կատարումները՝ ընտանեկան դիտման յուրօրինակ վայելք: Վստա՛հ եմ, որ մեր մարզադպրոցի սաները հպարտությամբ են կրելու Իրինա Ռոդնինայի մարզադպրոցի սանը լինելու պատիվը: Ու, համոզվա՛ծ եմ, որ զարգացնելով սիրված այս մարզաձևը, ոչ ուշ ապագայում Հայաստանն աշխարհին կներկայանա մրցունակ մարզիկներով»,- ընդգծել է քաղաքապետը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, նաև «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել մարզօջախի խորհրդանշական բանալին: Տարոն Մարգարյանն իր հերթին այն հանձնել է մարզադպրոցի սաներին:
Այնուհետ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հյուրերի և բազմաթիվ երևանցիների հետ միասին դիտել է դպրոցի բացման առիթով պատրաստված գեղարվեստական ծրագիրը՝ գեղասահքի ցուցադրական ելույթներով:
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը, որ հիմնադրվել է 1971թ.-ին և իր գործունեությունն իրականացրել Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում, վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կարճ ժամանակահատվածում իրականություն դարձած մարզադպրոցը կառուցվել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ դպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը՝ 4,360մ², որից 1,800մ²-ն զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով:
Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ.-ի որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
7502 դիտում
12:35 27-12-2017
Նոր սառցե ներկայացում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2577 դիտում
15:55 25-11-2015
Երևանի ավագանին հավանություն տվեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի բացման նախագծին
10668 դիտում
14:15 12-12-2017
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում նոր սառցե ներկայացում է տեղի ունեցել
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են