211652_close_icon
views-count812 դիտում article-date 12:11 03-12-2015

4 պետական մարմինների կառուցողական աշխատանքը բարելավել է 500 երեխայի կյանքի եւ ուսման պայմանները. ՄԻՊ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անցյալ տարի Օմբուդսմենի մշտադիտարկման արդյունքում բազում մտահոգիչ խնդիրներ արձանագրվեցին նաեւ ութ այլ հատուկ դպրոցներում, որոնք գտնվում էին Երեւանի Քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ, տեղեկացնում է Օմբուդսմենի աշխատակազմը: Այդ խնդիրների մեծ մասն այսօր արդեն լուծում է ստացել: Արդեն այս տարի Երեւանի քաղաքապետարանը վերանորոգել եւ կահավորել է Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցի /119 երեխա/ խաղասենյակները, ննջարաններն ու դահլիճը: Ննջարանների գույքն ամբողջովին նորացվել է, փոխվել են մահճակալներն ու հագուստի պահարանները, երեխաների ապրուստը բարելավելու համար ձեռք է բերվել նաեւ անհրաժեշտ այլ կահույք: Տարածքային կառավարման նախարարության աշխատանքի շնորհիվ բարեկարգվել է Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցի /58 երեխա/ ողջ տարածքը, սալիկապատվել են խոհանոցն ու լոգարանները, կարգավորվել է ջրահեռացման խնդիրը: Բարեկարգվել է եւ համակարգիչներով է համալրվել համակարգչային դասասենյակը: Սկսվել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Նույն նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք այլ դպրոցներում եւս էական բարելավում է տեղի ունեցել: Այսպես, Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում /44 երեխա/ այս տարի արդեն ննջարանները բարեկարգ են: Ի տարբերություն նախորդ այցի՝ այժմ չի հայտնաբերվել ժամկետանց սնունդ, ձեռք է բերվել անհրաժեշտ դեղորայք: Բացի այդ, տեղադրվել է թեքահարթակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու համար: Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի /45 երեխա/ խոհանոցն ու ճաշարանը վերանորոգվել են եւ համալրվել նոր գույքով, միջանցքներում լուծվել է պատշաճ լուսավորման հարցը: Դպրոցում կա անհրաժեշտ դեղորայք, վերացվել են բժշկական փաստաթղթերում եւ դասամատյաններում եղած թերությունները, իսկ երեխաների հանդեպ կոպիտ վարք ցուցաբերած դաստիարակները ենթարկվել են կարգապահական տույժի: Գորիսի եւ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում /70 երեխա/ լուծվել են ջրամատակարարման եւ տաք ջրի խնդիրները: Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում /78 երեխա/ կարգավորվել է սննդի տրամադրման գործընթացը: Դպրոցում լուծվել է նաեւ տաք եւ սառը ջրի ապահովվածության հարցը, ինչպես նաեւ դպրոցը ձեռք է բերել տրանսպորտային միջոց: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում Կապանի երեխաների խնամքի եվ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում /69 երեխա/ եւս դրական առաջընթաց կա. բարեկարգվել են հաստատության ննջարանները ու խաղասենյակները, վերանորոգվել են լոգարանները: Վերը նշված դպրոցներում դեռեւս մնացել են մի շարք խնդիրներ, սակայն հուսադրող եւ դրական է այն, որ այդ դպրոցների համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են դրանց առկայությունը եւ պատրաստակամություն են հայտնել հնարավորինս արագ եւ արդյունավետ վերացնել Օմբուդսմենի վերհանած եւ իրենց ներկայացրած բոլոր թերացումները: Այսպիսով, մի շարք գերատեսչությունների հետ կառուցողական աշխատանքի արդյունքում էականորեն բարելավվել են հատուկ դպրոցներում սովորող շուրջ 500 երեխաների կյանքի եւ ուսման պայմանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր