Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Դեկտեմբերի 2-ին Իսպանիայի Թագավորության Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն:
Նախագիծը առաջադրվել էր խորհրդարանում ներկայացված Mixto խմբի կողմից, և դրան կողմ էին քվեարկել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը:
Հայտարարությամբ Արագոնի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերը: Հայտարարությունը Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը և քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Հայտարարությունը նաև կոչ է անում Թուրքիային իրականացնել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները և, մասնավորապես, ցուցակագրել հայկական մշակութային ժառանգության այն օբյեկտները, որոնք, 20-րդ դարի ընթացքում գտնվելով իր իրավասության ներքո, ոչնչացվել կամ վնասվել են:
Խորհրդարանի լիագումար նիստին ներկա էր Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոսկույուելայի և Արագոնի կառավարության նախագահ Խավիեր Լամբանի հետ առանձնազրույցների ժամանակ շնորհակալություն է հայտնել հայտարարության ընդունման համար:
Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը Արագոնի խորհրդարանի օրակարգ մտցնելու գործընթացին իր մասնակցությունն է բերել նաև Հայաստանի եվրոպական ընկերներ ոչ կառավարական կազմակերպությունը:
Բասկերի երկրից, Կատալունյայից, Բալեարյան կղզիներից և Նավառայից հետո Արագոնը դարձավ Իսպանիայի Թագավորության հինգերորդ համայնքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: