211652_close_icon
views-count1608 դիտում article-date 21:46 01-12-2015

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: «Վճռական աջակցություն» առաքելության մեկնարկից գրեթե մեկ տարի անց իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, պահպանվում են մարտահրավերները, իսկ կարողությունների բացը դեռ պետք է լրացնել: Աֆղանստանի ժողովուրդը շարունակում է զգալ մեր աջակցության կարիքը: Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարևոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Մենք համոզված ենք, որ դա նաև կարևոր փորձաքար է միջազգային կարողությունների տեսանկյունից՝ մարտահրավերները պատշաճ կերպով դիմագրավելու և լուծումներ գտնելու այն իրավիճակների համար, որոնք ունեն համընդհանուր նշանակություն: Հետևաբար, մեր առաքելության իրականացումը կհանդիսանա միասնական վճռականության և հաստատակամության լուրջ ազդակ՝ հանձնառություններ ստանձնելու և փորձելու լուծումներ գտնել անգամ ամենաբարդ խնդիրների համար: Անվտանգության սպառնալիքները ոչ միայն Աֆղանստանում, այլև անգամ այնպիսի վայրերում, որոնք մենք չէինք էլ կարող նախկինում պատկերացնել, բացահայտ ցույց է տալիս, որ մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով կամ իրավիճակով, այլ խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք: Այս ըմբռնումով էր, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանն սկսեց իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում՝ սկսելով Կոսովոյից և ապա շարունակելով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով օգնականը վերջերս հայտարարեց, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և նրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների տեսանկյունից»: Հիրավի, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունն, ըստ էության, կապակցված է մյուսների հետ: Եվ նույնիսկ մեր սահմաններին առկա լարվածությունը երբեք չթուլացրեց վճռականությունը՝ մեր ներդրումը բերելու աշխարհում խաղաղության ամրապնդման գործում: Հայկական զորախումբը 2016թ. ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տևական գործընկերություն» առաքելության մեջ, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Մենք նաև կշարունակենք մեր աջակցությունը Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին, բարիդրացիական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցությանը: Մենք համոզված ենք, որ ի վերջո միասին հաջողություն կարձանագրենք՝ Աֆղանստանում խաղաղության, և կայունության հաստատման գործում՝ ի շահ Աֆղանստանի ժողովրդի, տարածաշրջանի և դրանից դուրս», - ասաց նախարար Նալբանդյանը։

Նմանատիպ նյութեր