211652_close_icon
views-count14554 դիտում article-date 15:56 28-11-2015

Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին. Մանվել Գրիգորյան

5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորև. «Սրբազա՛ն հայրեր, սիրելի՛ մայրեր, քույրեր, հրավիրյալնե՛ր, 5-րդցինե՛ր, Եռասերունդ Երկրապահ. Նախ շնորհավորում եմ բոլոր պարգեւատրվածներին՝ մեր մայրերին, քույրերին: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ: 5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի նոյեմբերի 28-ին և որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները, կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները, կատարեց իր առջև դրված խնդիրներն, անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը, և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադը անվանվեց Լեգենդար և Հաղթական: Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է ԼՂՀ ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը: Ես հպարտ եմ, ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ, որ ծառայել եմ ձեզ հետ, սիրելի՛ 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ` պատանի երկրապահին, կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործնթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը: Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին: Հարգելի՛ եռասերունդ երկրապահներ, մայրե՛ր, քույրե՛ր, մեր տոնական այս միջոցառման հյուրե՛ր, մի կարեւոր խնդրի մասին եւս կամենում եմ խոսել: Այսօր մեր պետությունը լուրջ քննության առջեւ է: ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Երկրապահը հայոց պետականության հիմնասյուներից է: Մենք անցել ենք ազատագրական պատերազմի միջով, մասնակցել ենք անկախ պետականության հաստատման գործընթացին, այսօր էլ չենք կարող անտարբեր մնալ վճռորոշ այս պահին: Մենք անվերապահորեն վստահում ենք Սերժ Սարգսյանին, որ մեր մարտական ընկերն է: Սերժ Սարգսյանը ՀՀԿ հիմնադիրների գործի ժառանգորդն է՝ Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի գաղափարների շարունակողը: Սերժ Սարգսյանը լուրջ ճանապարհ է անցել՝ շարքայինից մինչեւ Արցախի ու Հայաստանի կարեւորագույն ոլորտների ղեկավարում: Նա ղեկավարել է բոլոր ուժային գերատեսչությունները, եղել է տնտեսության պատասխանատուն եւ բոլոր դեպքերում էլ պատվով է ծառայել հայ ազգին, Արցախին, հայոց պետականությանը: Այդ պատճառով մենք պետք է հարգենք ԵԿՄ համագումարների բանաձեւերը, որոնցով խոստացել ենք սատարել Սերժ Սարգսյանի բոլոր հայրենասիրական ձեռնարկներին: Այսօր պետք է հստակ հայտարարենք, որ բոլոր սերունդների երկրապահները, պատանի երկրապահների ծնողները միանշանակորեն «Այո՛» են ասում Սերժ Սարգսյանի նախաձեռնած ժողովրդավարացման գործընթացին, քանզի 21-րդ դարում մեր ազգային խնդիրների հայանպաստ լուծմանը կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ աշխարհին ցույց տանք, որ առաջադեմ, ժողովրդավարական պետություն ենք: Եվ վերադառնալով օրվա խորհրդին՝ եւս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին` և՛ զոհվածներին, և՛ ողջերին՝ անուն առ անուն: Փա՛ռք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք հերոսներ ծնող հերոս հայ մայրերին: Փա՛ռք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Փա՛ռք նաև բոլոր նրանց, ովքեր հիշում ու մեծարում են նահատակ ընկերներին և փառավորում ապրողներին»:

Նմանատիպ նյութեր