Թաղի «խառոշիներն» ու «սուտի ավտարիտետները» հանրաքվեի օրը լինելու են ոստիկանության մանրադիտակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրը՝ դեկտեմբերի 6-ին, ոստիկանությունը թույլ չի տալու կուտակումներ ընտրատեղամասերի տարածքներում:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
«Չհանդուրժել թաղային հեղինակություններին, թաղի տղաներին և այլ երևույթների, կուտակումներ այս կողքը, այն կողքը»,- խորհրդակցության մասնակիցներին է դիմել նա:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունը հանրաքվեի անցկացման օրը հատուկ ուշադրություն է դարձնելու սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին:
«Բացարձակ ձեր վրա եք վերցնում՝ օգնել, տեղափոխել, բարձրացնել, իջացնել, բացի քվեարկության տեղը մուտք գործելուց»,- ասել է նա:
Ոստիկանության պետը նշել է, որ անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել ինչպես հանրաքվեի, այնպես էլ դրան նախորդող օրերին: