1667 դիտում
21:35 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին և բոլոր համաքաղաքացիներին՝ նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում վարչական բոլոր շրջաններում տնկվել է 8 հազար ծառ և թուփ, ևս 7000-ը տնկվել էր նախորդած օրերին: Իսկ աշնանային ծառատունկի շրջանակում նախատեսված է ընդհանուր առմամբ տնկել շուրջ 20000: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում շարունակվում են ծառերի էտման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակել ծառատունկն ու շաբաթօրյակները:
«Անշուշտ ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակների մասնակիցների թիվը և մասնակցության ակտիվությունը: Սա իր հերթին նշանակում է, որ մեր համաքաղաքացիներն ավելի սրտացավ ու հոգատար են դառնում քաղաքի հանդեպ: Նման վերաբերմունքը ողջունելով՝ մեր համաքաղաքացիներին պետք է մշտապես ներգրավել քաղաքային ծրագրերի իրականացման գործընթացում: Ժամանակը ապացուցել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնցում իրենց մասնակցությունն ունեն նաև մեր բնակիչները, այդ թվում նաև կատարվող աշխատանքները վերահսկելու առումով, շատ ավելի արդյունավետ են: Ծառերի էտի դեպքում ևս մեր համաքաղաքացիների կողմից ներկայացված բոլոր հասցեներն ուսումնասիրեք և ձեռնարկեք համապատասխան քայլեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը ուժեղ քամու հետևանքով ծառերի տապալման դեպքեր արձանագրելիս արագորեն կվերացնի դրա հետևանքները:
Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 1 դեպքի մասով: 1 հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 34 արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ կարճ ժամկետում վերականգնել քամու հետևանքով վնասված ճանապարհային նշանները: Բացի այդ, հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շին հրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ, և մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին խստորեն նախազգուշացնել մշտապես հետևել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը:
Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 9 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները: Զեկուցվել է, որ դեռատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել առավել խիստ և պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ապահովված է ջեռուցման համակարգերի անխափան շահագործումը:
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
15:45 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
1307 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
871 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին