211652_close_icon
views-count53661 դիտում article-date 19:10 11-11-2015

Լարված իրավիճակ Աճառյան փողոցում. բնակիչները սպառնում են փակել ճանապարհը. ժամանել են Նոր Նորքի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 11-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Աճառյան փողոցում` հանրությանը հայտնի «Ավանի քար» կոչվող հատվածում, մեծ թվով բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մամինների մեղքով նշված փողոցում միշտ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ են ունենում: Բնակիչները սպառնում են, ի նշան բողոքի, նշված ճանապարհի վրա նստացույց անել` ասելով. «Համբերության բաժակը լցվել է: Ամեն օր ականատես ենք լինում վթարների ու վրաերթերի: 2 օր առաջ նույն օրվա մեջ 2 վրաերթ տեղի ուեցավ: Խեղճ կինը, ով փորձել էր փողոցն անցնել հետիոտնի համար նախատեսված վայրով` [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/10/70033/]վրաերթի ենթարկվեց[/url] ու հիվանդանոցում մահացավ, իսկ 18 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ինչքան կարելի է` օրը մեջ էստեղից վիրավորների տանեն հիվանդանոց, էլ մահերի մասին չենք ասում: Բազմիցս դիմել ենք Երևանի քաղաքապետարան, որպեսզի այս հատվածում ստորգետնյա անցում սարքեն: Ամեն անգամ համապետական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստանում են, բայց արդյունքը լինում է այն, որ նրաց խոսքերը դառնում են օդ: Տանից դուրս գալուց նշված հատվածով անցնելիս չգիտես` կհասնես աշխատանքի վայր ու արդյոք տուն կվերադառնաս, թե կհայտնվես հիվանդանոցում, կամ էլ կտանեն մորգ: Կա վարորդների մի տեսակ, ովքեր չեն նայում` զեբրայի վրայով ես անցնում, թե չէ, քշում ու շպրտում են: Եթե որոշ փողոցներում երբեմն հետիոտներն են լինում մեղավոր` անցնելով չթույլատրելի հատվածով, ապա այստեղ հետիոտները ոչ մի մեղավորություն չեն ունենում: Առաջին մեղավորները վարորդներն են և նոր հետո` քաղաքի և տեղական իշխանության ներկայացուցիչները»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բնակիչները տեղում իրենց բողոքի ակցիան էին անում, տեղի ունեցավ հերթական ավտովթարը: Բեռնատարի վարորդը հետիոտնին զիջելու նպատակով արգելակեց մեքենան, իսկ հետևի ավտոմեքենան էլ բախվեց նրան: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան: Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները և միայն նրանց հորդորով բնակիչները ժամանակավորապես դադարեցրեցին բողոքի ակցիան, քանի որ ոստիկանության ծառայողները խոստացան, որ խնդրի մասին կտեղեկացնեն պատկան մարմիններին: Ակցիայի մասնակիցները խոստացան, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, ստորգետյա անցում չկառուցվի, ապա իրենք կորցնելու ոչինչ չունեն. անժամկետ նստացույց կանեն ճանապարհին, ինչքան էլ երթևեկությունը կաթվածահար լինի: «Մեզ համար, մեր երեխեքի կյանքն ավելի թանկ է, քան որոշ ծալապակաս վարորդների ու իրենց տաք կաբինետներում կաշվե փափուկ բազկաթոռներին նստած չինովնիկների աշխատաոճը»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր