211652_close_icon
views-count1966 դիտում article-date 18:50 06-11-2015

Երևանում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը

ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 7-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը ու կտեևի մինչև նոյեմբերի 11-ը: Փառատոնը, որի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է, այս տարի նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությանը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում. կցուցադրվեն երեք՝ Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերը: Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից, նախատեսվում է ավելի քան 25000 հանդիսատես: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով: Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: Տարեցտարի շարունակվում և ընդլայնվում է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև 2013 թվականից ստեղծված համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել էր «Պատիվ ունեմ» անվանակարգը: Այս տարի փառատոնին մասնակցած 5 զորամասերին ավելացել են ևս 3-ը: Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան): 2006 թվականից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութային, սոցիալական, կրթական: Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում: Փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, այս տարի առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում։ Նպատակը Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը խորացնելը և հետագայում ընդլայնելն է: ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի առաջնային ծրագրերից է փառատոնին հայկական համայնքների անմիջական մասնակցությունն ապահովելով Հայաստան-սփյուռք մշակութային կամուրջն ամրապնդելը: Հատուկ ուշադրության է արժանի փառատոնի շրջանակներում նախատեսվող «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին: Ակցիային կարող են մասնակցել ինչպես անհատներն ու պետական կառույցները, հիմնադրամներն ու այլ կազմակերպություններ, այնպես էլ հանդիսատեսը՝ փառատոնային 5 օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր դիտումներին բերելով խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր: Ի դեպ ակցիան կշարունակվի նաև կինոդիտումներից հետո՝ տևելով մինչև նոյեմբերի 27-ը: Այդ ընթացքում հանգանակությունները կարող են հանձնվել ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ:

Նմանատիպ նյութեր