211652_close_icon
views-count1281 դիտում article-date 16:05 06-11-2015

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ

Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում: Երկուստեք կարեւորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության սերտացումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված էր: ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Բելառուս պաշտոնական այց կատարելու հրավերը: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ դատապարտելով դրանց ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ: Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Անդրեյչենկոյին Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրման հարցում օժանդակելու համար: ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացնել Երեւանում գալիք տարվա գարնանը:

Նմանատիպ նյութեր