Սպանություն Երևանում. 91-ամյա տատուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 28-ամյա թոռը
                        Երեկ՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը կնոջ դի կա: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության  Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում հայտնաբերել են տան բնակչուհի, 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել են գլխի մասում ստացած վնասվածքները: 
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ դատաբժշկի տված եզրակացության համաձայն՝ տեղի ունեցածը սպանություն է, և մինչ դատաբժիշկը կզններ դին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի իրենց գործընկերների, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթունի քննիչների հետ տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել են Ս. Կարապետյանի թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին: 
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ա. Կարապետյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

