211652_close_icon
views-count1000 դիտում article-date 18:27 03-11-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանն ու բոլոր նվիրատուներին` մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակացել նմանատիպ նախաձեռնություններին: «Մենք կարևորում ենք Գերմանական կարմիր խաչի հետ փոխգործակցության ընդլայնումը և սոցիալական նշանակության, ու հատկապես «Գթության խոհանոց» ծրագրի իրականացումը, որի 22-րդ տարեշրջանը մեկնարկեց օրեր առաջ: Այն իսկապես արդյունավետ ու հաջողված ծրագիր է, և հաշվի առնելով, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում են, մենք մշտապես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական Ձեր բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն նշել է, որ քաղաքապետարանի աջակցությունն իրենց բարեգործական նախաձեռնություններին, հնարավորություն է տվել շարունակելու և ընդլայնելու իրականացվող ծրագրերը: «Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երևանի քաղաքապետարանը ցուցաբերել և ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին: Տեղական ինքնակառավարման մարմնի գործուն աջակցությունը բարեգործությունն առավել նպատակային է դարձնում, առավել ևս, երբ անձամբ քաղաքապետն է իր վերաբերմունքով նպաստում դրա արդյունավետ իրականացմանը»,-ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն:

Նմանատիպ նյութեր