211652_close_icon
views-count11830 դիտում article-date 15:02 03-11-2015

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ. պատկան մարմիններին տվել է հանձնարարականներ

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ Հանրապետության Նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը: Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր: Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:

Նմանատիպ նյութեր