211652_close_icon
views-count1053 դիտում article-date 21:50 28-10-2015

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական ​​մտավորականության 10-րդ համաժողովին

Հոկտեմբերի 21-23-ը հայաստանյան պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ մեկնել էր Աստանա մասնակցելու «ԱՊՀ հումանիտար տարածք. ընդհանուր արժեքներ և մշակույթների երկխոսություն» խորագրով` ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 10-րդ հոբելյանական համաժողովին: Միջոցառոմանը մասնակցել են ավելի քան 100 պատվիրակներ Ռուսաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլն: Հայաստանյան պատվիրակության կազմում էին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` ձեռագրերի պահպանության և վերա­կանգնման բաժնի վարիչ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը, ԵՊՀ արտաքին կապերի վարչության պետ, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, Հայաստանի Դելփյան խաղերի կազմակերպության նախագահ Ալեքսան Զաքյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինո­փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանը, «Համագոր­ծակ­ցու­թյան դեբյուտներ-2014» մրցանակաբաշխության հայաստանյան մրցա­նա­կակիր Դիա­նա Զարդարյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համաժողովի հանդիսավոր բացումն ու սեկցիոն աշխատանքները կայացել են Ղազախստանի Ազգային թանգարանի դահլիճում: Աշխատանքներն ընթացել են պլենար նիստերի և 4 մաս­նագիտացված սեկցիաների ձևաչափով, որտեղ քննարկվել են ​​«Մշակույթների երկխոսությունը որպես ԱՊՀ հումա­նիտար համագործակ­ցության զարգացման գործոն», «Հումանիտար համագոր­ծակցության Եվրա­սիական կոդը», «Համագործակցության ժողովուրդների ընդհա­նուր պատմական հիշողության և սերունդների շարունակականության պահպա­նումը», «Թանգարանների դերը մշակույթների երկխոսության գործում» թեմա­ները: Համաժողովի շրջանակում կայացել է «Համագոր­ծակ­ցու­թյան դեբյուտներ» միջազգային մրցանակաբաշխության 2014 թ. մրցանակա­կիրների պարգևատրման արարողությունը: Հայաստանից մրցանակի է արժանացել ՀՀ ԳԱԱ հնա­գիտության ինստիտուտի աշխատակից Դիա­նա Զարդարյանը՝ «Տուրիզմի բնագավառում ունեցած գիտագործնական նվաճումների համար» անվանակարգում: Համաժողովի ընթացքում հնչել են ԱՊՀ երկրների նախագահների ուղերձները: Համաժողովը բացել է Ղազախստանի պետքարտուղար Գյուլշարա Աբդիկալիևան: Բացմանը նախորդել է «Միր» հեռուստաընկերության կողմից` համաժողովի 10 տարվա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրությունը: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, որի շրջանակում ընդունվել է ՀՀՄՀ 2014 թ. կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը, հաստատվել է 2016 թ. ՀՀՄՀ ծրագրային պլանը, ԱՊՀ 25-ամյակին նվիրված միջպե­տական ցուցահանդեսի շրջա­նակում առանձին տաղավարով՝ ըստ տարիների ՀՀՄՀ և ՀՀԽ գործունեությունը ներկայացնելու Հայաստանի առաջարկը: Համաժողովի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հանդիպել է Ղազախստանի վարչապետի տեղակալ Դարիգա Նազարբաևայի հետ: Աստանա կատարած այցի ընթացքում նախարար Հ. Պողոսյանը մշակութային համագործակցության խնդիրներ է քննարկել Ղազախստանի մշակույթի նախարար Առիստանբեկ Մուխամեդիուլու և Բելառուսի տեղեկատվության նախարար Լիլիա Անանիչի հետ:

Նմանատիպ նյութեր