211652_close_icon
views-count811 դիտում article-date 19:28 22-10-2015

Զոհրաբ Թադևոսյան և Սոֆյա Մելիքյան. նոր համագործակցություն խաչատրյանական փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 21-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես եկան հայտնի երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ) և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա), ովքեր ապրում և ստեղծագործում են արտասահմանում՝ ամբողջ աշխարհին ներկայացնելով հայ կատարողական արվեստի նվաճումները։ Կամերային համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։ Սոֆյա Մելիքյանն ու Զոհրաբ Թադևոսյանը ծանոթ են վաղուց, երկուսն էլ ուսանել են Իսպանիայում, սակայն համագործակցում են առաջին անգամ։ Զոհրաբը նշում է, որ Սոֆյայի հետ ծրագիրն ընտրելիս որոշել են նվագել գործեր, որոնք Հայաստանում քիչ են ներկայացվում։ Ջութակահարը նկատում է, որ իր ստեղծագործական կյանքում առաջնորդվում է մի սկզբունքով՝ ընտրել քիչ կատարվող գործեր. «Միշտ փորձում եմ հանդիսատեսին հասցնել նոր ստեղծագործություններ, որպեսզի մարդիկ ճանաչեն, երաժշտական աշխարհայացքն ավելի լայն լինի»։ Զոհրաբ Թադևոսյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 14 տարի առաջ։ Եվ այսօր շնորհակալ է Սերգեյ Սմբատյանին, ով առաջարկեց հանդես գալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։ Նա նաև նշում է, որ շատ զարմացած է, որ Հայաստանում այսօրվա դժվարին պայմաններում ամենաբարձր մակարդակով կազմակերպվում է նման փառատոն։ Զոհրաբ Թադևոսյանը հաջողությամբ համատեղում է մենակատարի և կամերային երաժշտի կարիերան։ 2003-ից Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է։ Իր ժամանակի մեծ մասը Զոհրաբ Թադևոսյանը տրամադրում է մանկավարժությանը, Նա պարբերաբար հրավիրվում է խոշոր փառատոների և վարպետության դասերի։ 2010 թվականից Թադևոսյանը Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ համատեղ։ Բացի այդ, 2013թ.-ից նա Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։ Դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը բնակվում է Նյու Յորքում, սովորել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, Փարիզի Ecole Normale de Musique Alfred Cortot կոնսերվատորիայում և Մանհեթանի Երաժշտության դպրոցում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում։ Սոֆյա Մելիքյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անվան փառատոնի անցկացումը։ Դաշնակահարուհին նշում է՝ դիտելով փառատոնի ծրագիրը, մենակատարներին, հյուրերին՝ զարմանում ես՝ տեսնելով այդպիսի բովանդակություն։ Նա նաև նշում է, որ երեկոյին կատարված գործերն իր ռեպերտուարում նոր էին, և փառատոնին մասնակցելը, Զոհրաբ Թադևոսյանի հետ համագործակցելն առիթ էին ռեպերտուարն ընդլայնելու։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնի անցկացմանն առաջկցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նաև՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։ [img]/ups/images/0916934001445512243740184.jpg[/img][img]/ups/images/0368219001445512243474494.jpg[/img][img]/ups/images/0178948001445512242606702.jpg[/img]

Նմանատիպ նյութեր